Երբ Աֆղանստանը լիովին անցավ «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո, հրահանգվեց աղջիկներին և կանանց հեռանալ դպրոցից, մնալ տանը՝ ամուսինների ու հայրերի վերահսկողության ներքո:Այդ ժամանակ աֆղանուհի Անժելա Ղայուրին որոշեց գործել: Նա բացեց առցանց դպրոց, որն այժմ ունի մոտ 1000 աշակերտ և ավելի քան 400 կամավոր ուսուցիչ: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Անժելան ընդամենը ութ տարեկան էր, երբ 1992-ին Աֆղանստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց: Նրա ընտանիքը երկրի արևմուտքում գտնվող Հերաթ քաղաքից փախավ Իրան, և հաջորդ հինգ տարիների ընթացքում Անժելան զրկված էր դպրոց գնալու հնարավորությունից՝ ժամանակավոր վիզայի կարգավիճակ չունենալու պատճառով:
Հինգ տարի անց միայն Անժելայի հայրը կարողացավ ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը, և աղջիկը կարողացավ Իրանում դպրոց հաճախել: Ընդամենը 13 տարեկան հասակում նա հասկացավ, որ առաքելություն ունի: Ամեն օր դասերից հետո Անժելան վերադառնում էր տուն և 14 աֆղանցի երեխաների, ովքեր զրկված էին դպրոց գնալու հնարավորությունից սովորեցնում էր այն ամենը, ինչ ինքը այդ օրը սովորել էր դպրոցում՝ կարդալ, գրել, մաթեմատիկա, աշխարհագրություն:
Տարիներ անց, այն բանից հետո, երբ թալիբներին իշխանությունից գահընկեց արեցին, Անժելան վերադարձավ Աֆղանստան և որակավորվեց որպես միջնակարգ դպրոցի ուսուցչուհի՝ տեղափոխվելով նախ Նիդեռլանդներ, ապա՝ Մեծ Բրիտանիա:
Ինչպես աֆղանական սփյուռքի շատ անդամներ, Անժելան իրեն կաթվածահար էր զգում՝ հետևելով իր հայրենի երկրում վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին. ԱՄՆ-ն դուրս բերեց իր վերջին զորքերը Աֆղանստանից, ինչին հետևեց 20 տարվա պատերազմից հետո թալիբներ վերադարձը իշխանության:
Մի ակնթարթում կանանց կրթության բարելավման ոլորտում երկու տասնամյակի ջանքերը վտանգի տակ դրվեցին: Սակայն Թալիբները պնդում են, որ կանանց և աղջիկների կրթության սահմանափակումները ժամանակավոր են և գործում են միայն նրանց պաշտպանելու համար, որ բոլոր աշխատատեղերն ու ուսումնական միջավայրերը «անվտանգ» լինեն:
Բայց այն միտքը, որ աղջիկները կրկին զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, ինչպես ինքը Իրանում առաջին հինգ տարիների ընթացքում, Անժելային ստիպեց գործել: Երեք ամիս անց, առանց թալիբների համաձայնության նա հիմնեց առցանց դպրոց, որը կրթական ռեսուրս է աֆղան կանանց և աղջիկների համար: Telegram-ի կամ Skype-ի միջոցով նրանք կազմակերպում են ավելի քան 170 տարբեր առցանց դասեր՝ մաթեմատիկայից մինչև երաժշտություն, խոհարարությունից մինչև նկարչություն: Ուսուցիչների մեծ մասը աշխատում է օրական երկուսից ութ ժամ:
Այնուամենայնիվ, վերջին շաբաթների ընթացքում Աֆղանստանից որոշ դրական նորություններ կան. երկրի հյուսիսում գտնվող 34 նահանգներից հինգում աշակերտուհիները վերադարձել են միջնակարգ դպրոցներ:Մասնավոր բուհերի, բայց ոչ պետական հաստատությունների երիտասարդ կանանց նույնպես թույլատրվել է վերադառնալ:
Բայց դեռևս ամբողջ երկրում իգական սեռի ուսանողների մեծամասնության համար կա դպրոց վերադառնալու արգելք:
Թալիբանի` որպես քաղաքական ուժի վերածնվելուց շատ առաջ, Աֆղանստանն արդեն պայքարում էր կրթության հասանելիության ապահովման համար: 2019 թվականին կրթության նախարարության տվյալներով՝ 15 տարեկանից բարձր երիտասարդների մեկ երրորդից ավելին անգրագետ էր։ Իսկ այժմ, երբ աղջիկների մեծամասնությունը ստիպված է մնալ տանը, այս ցուցանիշը, ամենայն հավանականությամբ կբարձրանա:
Մեկնաբանություններ