Գևորգ Կորյունի Ղուկասյան
Հորիզոնից այն կողմ անհետացած աղավնին է սփոփում մարդկանց հոգիները…
Գևորգը ծնվել է 2001թվականին, Սյունիքի մարզի գ. Քարաշենում: Կազմակերպված, չափից դուրս խելացի, հետաքրքրվող, երազանքներով ու մեծ նպատակներ ունեցող Գևորգը, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը գերազանց ավարտելով, ընդունվելով ԵՊՀ-ի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժինը, անցել է ծառայության: Գյումրիում վեց ամիս սերժանտական հատուկ պատրաստություն անցնելով, ստանալով «կրտսեր սերժանտ» կոչումը, գերազանց ծառայության համար ստանալով «երրորդ կարգ» մեդալը՝ տեղափոխվում է Արցախ և ծառայությունը շարունակում Մատաղիսի զորամասում։ Այնտեղ նա, գիտելիքները փոխանցելով կրտսեր զինվորներին, ստացել է «Լավագույն զինվոր» կոչումը։ Նա պետք է ստանար «Սերժանտ»-ի կոչումը, սակայն պատերազմը սկսեց…
Այն, որ Գևորգը ուներ խորը հոգի և տարբերվող մտածելակերպ, կհաստատեն բոլոր նրանք, ովքեր ճանաչում են նրան, ինչպես նաև նրա ստեղծագործությունները։ Գևորգը հետաքրքրված էր լեզուներով, սովորում էր իսպաներեն։ Իր գիտելիքները նա ընդլայնում էր անգամ ծառայելիս։ Նա սիրում էր լռել, սիրում էր մտածել և վերլուծել, սիրում էր գրել և ստեղծագործել: Անգամ պատերազմի օրերին նա իր փոքրիկ օրագրում գրառումներ է արել, ցավոք, այդ օրագիրը մարտի դաշտից ետ չի եկել: Գևորգը իր ընկերների հետ սեպտեմբերի 27-ին Թալիշ-Մատաղիս հատվածում հերոսաբար պայքարել է թշնամու զանգվածային տեխնիկայի դեմ։ Զորամասի փոխգնդապետի խոսքերով իր սխրանքը իրագործելու համար պետք էր գերբնական ուժ. տեսնելով տասնհինգ տեխնիկան՝ դուրս է եկել պայքարի՝ հետագայի մասին չմտածելով։ Նա խոցել է հակառակորդի 3 տանկ և ժամեր շարունակ պայքար տալով, օգնության հասնելով կողքի դիրք՝ շրջափակման մեջ Գևորգը ընկել է մարտի դաշտում՝ կիսատ թողնելով իր երազանքները և նպատակները։ Գևորգը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով…
Հերոս Գևորգի օգնականը ասում է, որ նա իդեալական էր տիրապետում իր զենքին՝ ֆագոտին։ Գևորգին ճանաչելու համար հարկավոր է կարդալ իր ստեղծագործությունները: Նա շատ հայրենասեր էր: Հետաքրքրվում էր հայ հանրահայտ հանճարներով: Եվ ինչպես ասում է իր ստեղծագործություններից մեկում, երազում էր գնալ Արևմտյան Հայաստան։ Գևորգի անունը միշտ պետք է հնչվի, նրա հիշատակը վառ պիտի պահվի, նրա գործը պետք է լուսաբանվի:
Մեջբերում Գևորգի սսեղծագործությունից. «Հորիզոնից այն կողմ էլ խաղաղ չէ. ռումբերը պայթում են ու պայթում ` շուրջը կրկին դժոխք դարձնելով: Օդի մեջ արկերի բեկորներն են ,հորիզոնից այն կողմ անհետացած աղավնին է սփոփում մարդկանց հոգիները»։ Ահա՛, թե ինչքան խորն էր Գևորգի հոգին, թե ինչքան հասուն էր նրա մտածելակերպը։ Եվ այո՛, հորիզոնից այն կողմ սավառնում ես դու՝ անհետացած աղավնիդ՝ սփոփելով բոլորիս հոգիները…
«Ու՛ժ է հարկավոր. թույլ ազգերին չեն սիրում։ Փոքր ժողովուրդները հաճախ են մեծ քաղաքականությունների զոհ դառնում։ Ցանկություններն ու երազանքները շատ են, բայց սրով խլված հողը օտարները սիրով տիրոջը չեն նվիրում։».- ասել է մերօրյա հերոս Գևորգը։
Սխրանքդ անգին է, Գևո՛րգ, խոնարհվում ենք…
Մեկնաբանություններ