Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, բեմադրիչ Իշխան Ղարիբյանը 2 տարի է Կապանի Ալ. Շիրվազանդեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: «Ազիզյաններ» սիթքոմում նրա կերտած կերպարը սիրվեց բոլորի կողմից: Journews-ը զրուցել է նրա դերասանական ուղու մասին։
Պարոն Ղարիբյան, ավելի քան 20 տարի դուք բեմում եք, կերտել ու շարունակում եք կերտել տարբեր կերպարներ։ Ե՞րբ հասկացաք, որ Ձեր ճանապարհը տանում է դեպի թատրոն։
— Բացարձակապես մտքովս չէր անցել, որ ես պետք է դերասան դառնամ: Ես պարապում էի, որպեսզի ընդհունվեմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Բայց մի օր ներկա էի «Ծիծաղի տուն» Արամայիս Սահակյանի հաղորդմանը, որտեղ հավաքվում էին տարբեր մարդիկ և տարբեր պատմություններ էին պատմում: Մարտի 27-ն էր՝ թատրոնի միջազգային օրը և հաղորդման հյուրերը դերասաններ ու ռեժիսորներ էին: Նրանք պատմում էին՝ հյուրախաղի ժամանակ այս եղավ, ներկայացման ժամանակ այս եղավ, ու ես որոշեցի՝ դերասան պիտի դառնամ:
Ձեր պապիկը՝ Իշխան Ղարիբյանը, ով ևս դերասան էր, ուղղորդե՞լ է Ձեզ մասնագիտության հարցում:
— Բացարձակ, նա չի իմացել, որ ես գնում եմ թատերական ինսիտուտ: Ես չեմ ասել իրեն, որովհետև իմ հորաքույր Հասմիկը Ղարիբյանը գործերը տվել էր թատերական, պապիկս հետ էր վերցրել: Ես գնացի թատերական, իմ հետ պարապեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Ալբերտ Սաֆարյանը: Հետո իրեն հարցրեցի՝ կընդուվե՞մ, ասաց, որ եթե հիշեն դու Իշխանի թոռն ես՝ կընդունվես, եթե չհիշեն՝ չէ: Ի ուրախություն ինձ և ի դժբախտություն թատերական ինսիտուտի՝ հիշեցին (ծիծաղում է) ու ես ընդունվեցի:
Գիտեմ, որ դուք սիրում եք, երբ Ձեզ ճանաչում են թատրոնից, և ոչ հեռուստատեսությունից, ինչու՞:
— Չեմ կարծում, որ ես կինոյում արել եմ որևէ արժեքավոր բան, բայց թատրոնում արել եմ, թող անհամեստություն չթվա: Ես թատրոնում ինչ-որ բանի հասել եմ: Երբ ես նոր էի զբաղվում այս գործով՝ ինձ ասում էին Իշխանի թոռ Իշխանը ու դա ինձ նյարդայնացնում էր: Բայց հիմա փառք Աստծո հասա նրան, որ ասում են Իշխանը:
Առաջին անգամ,երբ բեմ բարձրացաք ի՞նչ զգացիք, ի՞նչը բեմում Ձեզ գրավեց:
— Ավելի շատ ոչ թե գրավեց, այլ վախեցա: Պատանի հանդիսատեսի բեմը այդքան էլ մեծ չէ, ընդհամենը 14մ: Ես պետք է մի դռնով մտնեի, մյուս դռնով դուրս գայի ու ինձ թվաց՝ ես մի 20 օր գնում եմ այդ 14 մետրը, այդքան երկար էր ինձ թվում: Բայց հետո սկսեցի ավելի շատ հաճույք ստանալ և հիմա էլ փորձ անելուց, ներկայացում խաղալուց, բեմադրելուց ես հաճույք եմ ստանում: Եթե ես իմ աշխատանքից հաճույք չստանամ՝ դուք դահլիճում հաճույք չեք ստանա: Դերասանի մասնագիտության մեջ գիտենք,որ դժվարությունները և բարդությունները շատ են, հետաքրքիր է՝ Ձեր ճանապարհը որքանո՞վ է բարդ եղել, մասնագիտական ինչպիսի՞ հիասթափություններ եք ունեցել:
— Ընդհանրապես յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր բարդությունները, իհարկե, հիասթափություններ շատ-շատ են եղել: Եղել է, որ ես մտածել եմ, որ սա իմը չէ: Մտածում էի կարող է քանի դեռ երիտասարդ եմ այլ մասնագիտություն սկսեմ սովորել: Բայց այդ հուսահատությունների, ձախողումների ճիշտ վերլուծությունն է, որ բերում է այդ մասնագիտությանը: Հետո ասեմ, իմ կարծիքով մեր մասնագիտության մեջ ամենակարևորն այն է, երբ ինչ-որ բան ստացվում է կամ ճանաչում է գալիս, փառք է գալիս, պետք է այդ ամենին կուլ չգնալ: Պետք է մնալ այն նույն 18 տարեկան երիտասարդը, ով սիրահարված է թատրոնին, բեմին, ով մտածում է՝ հանկարծ վատ չխաղա, այլ ոչ թե՝ ես Իշխան եմ ու ոնց էլ խաղամ ինձ ծափահարելու են։
Պարոն Ղարիբյան, մեծ ճանապարհ եք անցել ու շարունակում եք անցնել թատրոնում,այս տարիների ընթացքում թատրոնը որքանո՞վ է բարելավվել:Մարդկանց հոսքը դեպի թատրոն որքանո՞վ է աճել կամ
— Գիտեք, ես շատ եմ մտածել այդ առումով․ գլոբալիզացիայի դարում շատ զարմանալի է, որ թատրոնը մինչև հիմա կա: Թատրոնը մարդն է, մարդու մասին է: Տարբեր տարիներին տարբեր է եղել հոսքը, բայց երբեք չի դադարել: Երբ ես եկա Կապանի Ալ.Շիրվանզադեի թատրոն, ընդհանրապես ներկայացում չկար, որ հանդիսատեսը գա ու նայի: Շատ արագ Աթայան Տիգրանի հետ աշխատեցինք և 3 ամսում մոտ 6 ներկայացում հանձնեցինք, իսկ փետրվարին նշանակվեցի գեղարվեստական ղեկավար:
Կապանցիները ունե՞ն սեր ու հետաքրքրություն դեպի թատրոն:
— Այո՛, շատ, և հետո ասեմ՝ Կապանի հանդիսատեսը շատ գրագետ է, ու դա շատ կարևոր է: Ես միշտ զարմացել եմ, որ լինելով մայրաքաղաքից այդքան հեռավորության վրա այդքան զարգացած են:
Պարոն Ղարիբյան, արդեն 2 տարի է ինչ ապրում եք Կապանում և Կապանի Ալ.Շիրվանզադեի թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք, հե՞շտ հարմարվեցիք քաղաքին, մարդկանց, նոր աշխատանքին:
— Կարելի է ասել՝ աշխատանքին մինչև հիմա չեմ հարմարվել, բարդությունները շատ են, բայց ամեն օր մի նոր բան եմ սովորում: Ես տեսել եմ՝ ինչպես է Հակոբ Ղազանչյանը ղեկավարում թատրոնը, ինչ որոշումներ է կայացնում, բայց ուրիշ է, երբ դու այդ ամենին կողքից ես նայում և ուրիշ է, երբ դու պիտի անես: Քաղաքին շատ արագ եմ հարմարվել, որովհետև ես մի միշտ ասել եմ, որ իմ ամենասիրած քաղաքը Կապանն է: Ես աշխարհի կեսը ման եմ եկել, բայց հանգիստս միայն Կապանում եմ գտնում:
Պարոն Ղարիբյան, և վերջում,երբ Ձեզ նորից կտեսնե՞նք հեռուստաէկրաններին:
— Նոր նախագիծ ենք նկարել Արամ Շահբազյանի հետ և կարծում եմ՝ շուտով եթեր կգնա:
Մեկնաբանություններ