Հայ ազգը դարեր շարունակ ունեցել է բազմաթիվ կորուստներ։ Թե՛ արցախյան առաջին, թե՛ ապրիլյան քառօրյա և թե՛ 44-օրյա պատմերազմների ժամանակ մենք ունեցել ենք հայազգի բազմաթիվ հերոսների կորուստներ։
Մարդկային կորստի ժամանակ ցավն այնքան մեծ է դառնում, որ խեղդում է կյանքի բոլոր ուրախ պահերը։ Ցավը ստիպում է, որ տառապես ու չկարողանաս առաջ քայլել։
Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ մերօրյա հերոսներ դարձան հենց մեր հասակակից տղաները, ովքեր իրենց մտքից հանեցին երկմտանք ու տարակուսանք բառերն ու առաջ մղվելով դեպի գիտակցված մահը՝ դարձան անմահ հերոսներ։ Այդ հերոսական պահերին, հուսով եմ, ամեն մի զինվորի սրտւմ ու մտքում մի բան էր՝ <<Պահել հայրենի հողն ու հայ ժողովրդին>>։ Այս գաղափարն էր, որ դարձավ միասնականություն ապահովողը։
Այսօր Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցում, որի սանն է եղել Սամվել Համբարձումի Գևորգյանը՝ այն տղան, ով հերոսաբար ընկավ հայրենիքի ազատության համար մղվող մարտում։ Սամվելը ծառայությունն իրականցրել է Մարտկակերտի՝ Ներքին Հորաթաղի զորամասում։ Զինվորական կոչումով եղել է սերժանտ, մինչև չարաբաստիկ օրը եղել է հրետանավոր՝ հաշվարկի հրամանատար, կռվել ամենաթեժ կետերում։ Զոհվել է Մատաղիսում՝ հոկտեմբերի 8-ին, 20 ամյակի նախօրեին։
Այսօր դպրոցի աշակերտները պատրաստել են հուշ-ցերեկույթ նվիրված անմահ հերոսին։ Միջոցառմանը ներկա էին նաև Սամվելի ընտանիքի անդամները, հարազատները և ընկերները։ Հուշ-ցերեկույթի ժամանակ Սամվելի դասղեկը Սամվելի մասին իր խոսքում նշեց, որ տղան մի առիթով ասել է․
- Ես պիտի այնպիսի աղջիկ ընտրեմ, որ նման լինի մորս ու քույրերիս։
Միջոցառման վերջում տեղի ունեցավ գրքի շնորհանդես՝ նվիրված Սամվելին, ինչպես գիրքն է վերնագրված << Կապուտաչյա հերոս>>-ին։ Գրքի հեղինակ Աննա Մկրտչյանը ցավոք ներկա չէր, բայց Սամվելի քույրը՝ Շուշանը, մեզ պատմեց գրքի մտահաղացման պատմությունը։
Մեջբերեմ Շուշանի խոսքերը․
- Ինձ ասաց, որ ուզում է գիրք գրել Սամվելի մասին, բայց ես թերահավատորեն մոտեցա այն մտքին․ 20 տարեկան հասակում նա արդյո՞ք կարող է գիրք գրել։ Բայց արի ու տես, որ այսօր այդ գիրքն իմ ձեռքում է։
Գիրքը յուրօրինակ կենսագրական վիպակ է արցախյան պատերազմում իր ծննդյան 20-ամյակի նախօրեին զոհված Սամվել Գևորգյանի մասին։ Գրքում զետեղված են երիտասարդի կյանքի ոչ միայն վերջին երկու-երեք տարիների իրադարձությունները, այլև մտքերը, որոնցով առաջնորդվել է քաջորդին։
Հատված Աննա Մկրտչյանի << Կապուտաչյա հերոսը>> գրքից՝
Գրքի նպատակն է ծանոթացնել Սամվելի հետ, կյանքը ևս մեկ անգամ վերարժևորել ու վերագնահատել։ Ապրել այսօրվա օրով, իսկ այսօրվա ասելիքն ու անելիքը չթողնել վաղվան։ Ի վերջո եկեք դառնանք ավելի բարի ու կամեցող, ապրենք այնպես, որ արժանի լինենք այն տղաներին, ովքեր սեփական կյանքի գնով մեզ մեր կյանքը շարունակելու հնարավորություն տվեցին։ Ապրենք ու լինենք ուժեղ։ Թող այսուհետ բոլոր գրքերը պատմեն միայն խաղաղության, սիրո երջանիկ հանգուցալուծման, հաղթանակի մասին։
Ու թող յուրաքանչյուրի կյաքնում միշտ հաղթողը լինի՝ Սերը․․․
Հուշ-ցերեկույթից հետո մասնակիցները այցելեցին Սամվելի գերեզմանին։
Մեկնաբանություններ