Ամեն անգամ, ամեն պահի աշխարհում, մարդկանց մեջ բազում-բազում ձևերով տեղի է ունենում մերձեցման և օտարացման անդադրում փոխակերպությունը, և բանաստեղծն էլ մշտապես գտնվում է այդ թաքուն ու հավերժական տարերքի մեջ։
Մեղմիկ տողերը՝ սիրո դրամայի ու բնական զգացմունքի ուժով, նվաճում են մարդու հոգին, ստեղծում ազդեցիկ մթնոլորտ։
Այդ ապրումների ազդեցությամբ JourNews.am-ը Ձեզ է ներկայացնում բանաստեղծ Պետրոս Հոկտանյանի հարցազրույցը։
Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել բանաստեղծություններ գրել։ Ի՞նչը մղեց բանաստեղծություն գրելուն։
-Ստեղծագործել սկսել եմ 14 տարեկանից: Ինքս էլ չհասկացա թե ինչը մղեց ու զարմանալին այն է, որ մինչ օրս էլ չեմ հասկանում:
Ի՞նչ ասել է <<պոեզիա ազգային հատկանիշներում>>, և ի՞նչ դերակատարում Դուք ունեք այդ պոեզիայում:
— Ընդհանրապես, պոեզիան պետք չէ սահմանների մեջ դնել, ինչ-որ հատկանիշներում չպետք է քննարկել կամ տեսնել։ Իմ պատկերացումներում դա անծայրածիր մի աշխարհ է, որում իշխողը բառն է. կարելի է ասել բառերի մոլորակն է։ Ինչ խոսք, յուրաքանչյուր ոք, կամա թե ակամա, իր ազգային ձեռագիրը արտացոլում է պոեզիայի իր շնչում, բայց դա եկեք ինչ որ «պետք է»-ի ու կանոնի չվերածենք։ Չէ որ ազգային դիմագիծը մենք արյան հետ ենք ժառանգում, այդ հատկանիշները մեր ներսում են, իսկ պոեզիան ինքնին մեր ներսից կյանք առնողն է։
Կա՞ն թեմաներ, որոնք Պետրոս Հոկտանյանի ստեղծագործություններում երբեք չեն արծածվելու։
-Ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Ով իմանա, գուցե ժամանակի ու տարածության ինչ-որ պահի տողերումս արտացոլեմ նաև այն թեմաները, որոնք մի ժամանակ գրչիս համար համարել եմ փակ:
Ձեր բանաստեղծություններում ի՞նչ դեր է կատարում կենսագրական տարրը։
-Էսպիսի մի բան կա. եթե տողերումդ անկեղծ չեղար, եթե սրտինդ թեկուզ տողատակով, բայց չարտահայտեցիր, ապա այլ սրտի չի դիպչի ու չի հուզի. իսկ առանց հույզերի մի՞թե կարելի է… Ինչ խոսք ես անկեղծ եմ գրչիս և ունկնդրիս/ընթերցողիս հետ։ Կյանքս, ապրածս, Ձեր այդ «կենսագրական տարր» ձևակերպումը իր արձագանքն է գտնում տողերումս…
Իսկ ի՞նչ գրական ազդեցություններ կան Ձեզ վրա։
-Գրական ազդեցություննե՞ր. եթե ի նկատի ունեք հեղինակների, գրողների, ապա այն գրական ազդեցությունը ումից զգում եմ՝ դա:Հա, ես ինձնով եմ, բայց սիրում եմ կարդալ մեծերին, գուցե դա էլ է իր ազդեցությունն ունենում, չգիտեմ։
Կազմակերպում ե՞ք թումանյանական <<Վերնատան>> ավանդույթներին համահունչ գրական երեկոներ, և արդյո՞ք քննարկում եք գրականությանն առնչվող խնդիրները և հասարակական հարցերը։
-Եթե մի օր հասնեմ, դառնամ Ամենայն Հայոց բանաստեղծի մակարդակին, չգիտեմ ինչքանով տեղին կլինի «մակարդակ » բառը գործածել, բայց հասկացաք ինձ։ Այդ դեպքում գուցե այդ ուրի՜շ ավանդույթներին համահունչ գրական հարթակ կամ ինչպես ասացիք երեկոներ կազմակերպեմ։
Հիմա հաճելի կլինի պարզապես պոեզիա սիրող մարդկանցով, ընկերներով հավաքվել մտերմիկ միջավայրում ու մի գավաթ գինով կտրվել իրականությունից ու գնալ իրականությունն արտացոլող ավելի գունեղ աշխարհ:
Ձեր բանաստեղծությունները կհրատարակվե՞ն գրքի տեսքով, և արդյոք երիտասարդ հայ գրողները ունե՞ն պահանջարկ գիրք հրատարակելու:
-Արդեն երկու գիրք ունեմ տպագրված, մոտ ապագայում նաև կհաջորդի երրորդը: Իսկ պահանջարկի մասին պարզ կդառնա այն ժամանակ երբ գրախանութներում այն կունենա իր սպառումը։
Իսկ Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ բանաստեղծներին։
-Թող շատ կարդալուց բացի, շատ ապրեն, քանի որ պոեզիան ծնվում է հենց այդպես։
Շնորհակալություն։
Մեկնաբանություններ