Յուրաքանչյուր ձեռագործ աշխատանք ունենում է իր հիանալի որակը։ Ամեն բան մշակվում է ամենափոքր մանրամասնությամբ։
Ձեռագործ արհեստավորները, որպես կանոն, ֆրիլանսեր են, հետևաբար նրանք կարող են աշխատել աշխարհի ցանկացած կետից հարմար ռեժիմով։
JourNews.am-ը այսօր ներկայացնում է ձեռքի նուրբ աշխատանքի, արհեստի և արվեստի բացառիկ օրինակներից մեկը՝ Երևանի գյուղատնտեսական համալսարանի դիզայնի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Թամարա Ավագյանի աշխատանքները։
Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել Ձեր բրենդը, ի՞նչը կամ ո՞վ ոգեշնչեց Ձեզ։
-Դպրոցական վերջին տարիներին՝ միջոցառումներից մեկի ժամանակ հանձնարարված էր յուրահատուկ բացիկներ պատրաստել ուսուցիչներին նվիրելու համար։ Շատ տարբերակներ փորձեցի, բայց կանգ առա կվիլինգ(թղթարվեստ) տեխնիկայի վրա։ Երկար ժամանակ մայրիկիս էր հետաքրքրել այդ տեխնիկան, որոշել էր ուսումնասիրել և զբաղվել դրանով։ Բայց ազատ ժամանակի բացակայության պատճառով այդպես էլ չստացվեց։ Միջոցառումն իրականացավ, բացիկները հանձնեցինք, ու շատ լավ արձագանքներ ստացանք։ Հետո էլի փորձեցի։ Սկզբնական շրջանում շրջանակներն էլ պատրաստում էի ինքնուրույն ու տարբեր պատկերներ էի պատրաստում, նվիրում մտերիմներիս։ Հիմա արդեն հատուկ շրջանակների մեջ են աշխատանքներս՝ ապակու տակ և տարիներով պահպանվում են։ Երկար փորձից հետո նոր որոշեցի, որ պետք է զբաղվեմ դրանով, բացեցի աշխատանքային էջը, տեղադրեցի աշխատանքները և ամեն ինչ սկսվեց։
Ինչպիսի՞ նյութերով եք աշխատում և ինչքա՞ն ժամանակ եք ծախսում մեկ պատվերի համար։
-Նկարներս պատրաստում եմ լավ որակի թղթերով։ Հիմա ջրաներկն էլ աշխատանքիս մի մասն է կազմում։ Քանի որ այս աշխատանքների տեխնիկան ավելի զարգացած է արտերկրում՝ պատրաստի նյութեր այստեղ չկան։ Կփաստեմ, որ առաջիններից եմ, ով կիրառում է, և առաջինն եմ, ով Հայաստանում զբաղվում է այս տեխնիկայի նկարների վաճառքով։ Ինքս եմ գույն առ գույն 3 մմ լայնությամբ կտրում, և հատուկ նյութով էլ ամրացնում։ Դա նվազագույն և ամենաբարդ չափսն է այս տեխնիկայի մեջ։ Նայելով շատ հոլովակներ, շատ արտիստների աշխատանքներ, նրանցից վերցրել եմ ամենաօգտակար խորհուրդներն ու հմտությունները և դրանք էլ կիրառել եմ իմ աշխատանքների մեջ։ Քանի որ նկարները բարդ ու մանրակրկիտ աշխատանք են պահանջում, հետևաբար ամեն աշխատանք իրեն հատուկ ժամանակահատվածը ունի։ Հիմնականում տևում է 12 ժամից մինչև մի քանի շաբաթ, կախված բարդությունից։ Շատ անգամներ են եղել, որ քնիս ու հանգստիս հաշվին արել եմ աշխատանքները։
Ձեր առաջին աշխատանքը ե՞րբ վաճառեցիք։
-Սկզբնական շրջանում աշխատանքներս նվիրում էի, կամ եթե ցանկություն էին ունենում գնել, շատ մատչելի էի վաճառում։ Հայրս միշտ ասում էր, <<ոչինչ, թող սկզբում մատչելի լինեն գները, կամ ուղղակի նվերներ լինեն, բայց աշխատանքներդ շատ մարդանց մոտ հայտնվի ու շատերը տեսնեն>>։
Այդպես էլ եղավ։
Առաջին պատվերը ստացա ուսուցիչներիցս մեկից։ Շատ էի ուրախացել, և շատ պարտավորեցնող էր։ Դրանից հետո էլ մի քանի անգամ ցուցահանդես-վաճառքների եմ մասնակցել իմ աշխատանքներով։ Մի անգամ <<Հիսուսի>> նկարը դրել էի որպես ցուցահանդեսիս նմուշ, բայց միտք չունեի վաճառելու, քանի որ մայրիկիս համար էի պատրաստել։ Ցուցահանդեսի հյուրերը գերմանացիներ էին։ Վերջում մի գերմանացի պապիկ մոտեցավ թարգմանչի հետ, շատ համոզեց, խնդրեց, որ վաճառեմ այդ գործը՝ ականարկելով, որ մայրիկիս համար կարող եմ նորից պատրաստել։ Որոշեցի վաճառել։ Ու իմ սիրելի առաջին աշխատանքը գնաց Գերմանիա։
Դրանից հետո, միանշանակ, մայրիկիս համար էլ պատրաստեցի, ու մինչև հիմա էլ գեղեցկացնում է մեր տան մի անկյունը։
Մենա՞կ եք պատվերները պատրաստում, թե՞ թիմ ունեք, որ օգնում են Ձեզ։
-Թիմ չունեմ և կարիքը չեմ զգացել։ Քանի որ աշխատանքները մանրակրկիտ են, դրա համար ոչ ոքի չեմ վստահում պատրաստման գործընթացը։ Պատրաստում եմ, աշխատանքը նկարահանում եմ ինքնուրույն, եթե օգնության կարիք եմ ունենում, ապա մայրիկիս եմ դիմում։ Նա հիմնականում օգնում է պատվերներս փաթեթավորելու հարցում։
Բացի Հայաստանից, այլ երկրներից պատվերներ ստացե՞լ եք։
-Ռուսաստանից է եղել պատվեր։ Տարբեր թեմատիկայով 4-5 նկար պատվիրեցին։ Պատրաստեցի, վստահելի մարդու միջոցով ուղղարկեցի։ Բայց եղել է, որ այստեղից գնել տարել են Ամերիկա։ Վերջերս այդ պատվերից արձագանք ստացա՝ ով տեսնում է աշխատանքս ապշում է՝ շատ է հավանում։ Երջանիկ եմ, որ իմ մի մասնիկը օվկիանոսից այն կողմ էլ կա։ Հայաստանում մի բարեգործական հիմնադրամ կա, նրանք 2 անգամ 15-20 աշխատանք են գնել ինձանից, իրենց հետ տարել Գերմանիա և պտտել իրենց հետ ավելի քան 10 քաղաքներում։ Հայաստանի մի քանի մարզերում նույնպես ունեմ իմ աշխախատանքները։ Նշեմ նաև, որ մի քանի տարի առաջ նույն կազմակերպության միջոցով իմ աշխատանքներից մեկը նվիրեցի Հայաստանում Գերմանիայի դեսպանին։
Ի՞նչ նպատակներ ունեք կապված Ձեր աշխատանքների հետ, ինչպե՞ս եք զարգացնելու Ձեր բիզնեսը։
-Ցավոք, հիմա դասերիս պատճառով ժամանակը չի բավականացնում, որ ուզածիս չափ զբաղվեմ սիրելի գործով։ Անում եմ, երբ շտապ պատվերներ են լինում։ Երազում եմ մի օր պատահական հայտնվել իմ աշխատանքները գնած ինչ որ մեկի տանը, որ տեսնեմ դրանք և հպարտանամ։ Ապագայում Աստծո կամոք կուզեմ ավելի շատ երկրներում լինեն աշխատանքներս։ Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ, հուսանք կստացվի։
Շնորհակալ եմ։
Մեկնաբանություններ