Այս անգամ Journews.am-ը եղավ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղական բնակավայրերում և պարզեց, որ հին հայկական նահապետական ընտանիքներում եղել են բազմաթիվ ավանդույթներ: Դրանցից, ցավոք, այժմ միայն մի քանիսն են պահպանվել: Առանձնացնենք ամենահետաքրքիր ավանդույթներից երեքը.
Շերեփի ավանդույթը
Շերեփի ավանդույթն այն էր, որ շերեփը պետք է գտնվեր տան մոր կամ սկեսուրի ձեռքին: Հետագայում այն փոխանցվում էր ավագ հարսին: Նահապետական ընտանիքը բաղկացած էր լինում մոտավորապես քառասուն հոգուց, որոնց պետք էր կերակրել: Պատկերացնել հնարավոր չէր` տասը կնոջ ձեռքին գտնվեր շերեփ, ու ամեն մեկն ունենար այն տնօրինելու իրավունք: Այդ պարագայում գերդաստանի անդամների ուղիղ կեսը, եթե ոչ ավելին, կմնային սոված: Դրա համար ստիպված էին ավանդույթը պահպանել: Իսկ այժմ միջուկային ընտանիքները բաղկացած են երեքից յոթ հոգուց: Այստեղ արդեն կարելի է, նույնիսկ ցանկալի է շերեփը զիջել, քանզի ամեն մեկը կարող է պատրաստել ժամանակակից ուտելիքներ, ուտելիքներ տարբեր խոհանոցներից և կերակրել բոլորին միաժամանակ:
Սկեսրոջ հետ չխոսելու ավանդույթ
Հետաքրքիր էր նաև հարսների` սկեսրայրի հետ չխոսելու ավանդույթը: Բնական է` նույն քառասուն հոգին, եթե միաժամանակ սկսեին խոսել, չենք կարող պատկերացնել` ինչ էր լինելու տան վիճակը: Ամենահետաքրքիրն այն էր, որ եթե հարսի առաջնեկը տղա էր, արդեն կարող էր խոսել սկեսրոջ հետ: Այս դեպքում սկեսրայրը պարտավոր էր նվեր առնել հարսին, ով վաստակել էր իր հետ խոսելու իրավունքը:
Տատմոր ավանդույթը
Հետաքրքիր արարողություն էր երեխայի ծնունդը` բժիշկ չլինելու պարագայում: Երեխաները հիմնականում ծնվում էին տներում: Այս պարագայում բժշկի դերը կատարում էր գյուղի տարիքով կանանցից մեկը, ում տատմեր էին անվանում և պարտավոր էին նվեր առնել: Երբ ծնվում էր տղա երեխա, առնում էին ավելի թանկ նվեր` քիշմիշե շալ, իսկ եթե աղջիկ` քիշմիշը պարտադիր չէր: Այսինքն` տղա երեխա ունենալը, ինչպես շատ ժամանակներում, հարգի է եղել, ինչը չենք ասի ժամանակակից իրականության մեջ, որտեղ երեխան երեխա է, լինի աղջիկ, թե` տղա, այսինքն` կա գենդերային հավասարություն:
Մեկնաբանություններ