Պիտի լիներ այսպես,
պիտի լիներ տխուր,
պիտի լիներ տխուր
մի սենտիմենտալ աշուն:
Օրորվեին պիտի տերևները
ու լինեին սոսկալի դեղին
և խարույկ պիտի դառնային մի օր
ու բոցը բարձրանար երկինք:
Ես պիտի քայլեի փողոցով,
սոսկալի, սոսկալի մենակ,
և տրամվայները պիտի անցնեին
լույսերը պայծառ վառած:
Եվ դու պիտի անցնեիր փողոցով
աչքերդ զարմանալի կապույտ…
և
այս
ամենի
վրա
վաղը ձյուն կգա…
Հովհաննես Գրիգորյան
Հովհաննես Գրիգորյան։ ԽՍՀՄ hայ բանաստեղծ,թարգմանիչ և խմբագիր։Ծնունդով Գյումրիից և իսկական պոետի հոգով այս տղամարդը հայ գրականության էջերում և մարդկանց սրտերում դաջել է իր ոսկեժանր պոեզիան այնպես,որ կարդալիս Գրիգորյանի որևէ բանաստեղծություն,իսկական գրականագետը կամ պարզապես գրականասերը միանգամից գլխի կընկնի, որ հեղինակը հանճարեղ (համարձակվում եմ կիրառել այդ բառը) Հովհաննես Գրիգորյանն է։ Գրիգորյանի մուտքը գրականություն եղավ 1975 թվականին, երբ հրատարակվեց նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ <<Երգեր առանց երաժշտության>> խորագրով։ Վերջինիս ցանկում ամենահայտնի և հոգեգրավ բանաստեղծությունը <<Քեզ հետ և քեզ համար>>-ն է՝ գրված հատուկ մելիզմական ռիթմերով։ Ստորև կարող եք կարդալ բանաստեղծությունը, որը միշտ արդի է։
ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ՔԵԶ ՀԱՄԱՐ
Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որովհետև դու նա ես,
հենց նա, որին ասում են միակ,
որին կարոտում են հեռվից,
որի համար արտասվում են օտար սրճարաններում
և նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,սերը` շքեղություն ավելորդև որդի ծնելը` հանցագործություն:
Դժվար է խոսքով ասել այն, ինչ որ սրտում է պահված,
Առավել ևս դժվար է լռել:
Լուսամուտներից թափվող լույսերի հորդացումի հետ
իմ մտքի հոսքը պարզվում է ու դառնում հստակ:
Ես որոնում եմ կապը, որն իր հետ
ճշմարտության լույս կտա խոսքերիս,
հարազատության տաք զգացումին
վերադարձնում եմ ահա նորից քեզ:
Ներիր, որ քո գովքը չեմ գունազարդում
Նոյի տապանի որոնման տենդագին ջանքերով,
որովհետև երգը, որ պիտի ուղղվի քեզ
պիտի նոր լինի քեզ նման,
որովհետև դու նոր ես ամեն օր և պիտի լինես այդպես շարունակ:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…
Իսկ ես ահա չեմ դնում վերջակետ,
որովհետև այս երգը չպետք է վերջանա,
որովհետև ես ու իմ երգը
միշտ քեզ հետ ենք
և միշտ քեզ համար:
Հաջորդ բանաստեղծությունը, որ կցանկանայի ևս ընդգծել Գրիգորյանի պոեզիայում դրամամելանխոլիկ տրամադրություններով պարուրված <<Քեզանից հեռու աշուն>>-ն է, որում ինչպես հեղինակն է գրել <<Ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ անհրաժեշտ բառեր ես որոնում արցունքներդ մեկնաբանելու համար>>։Կարծում եմ՝այստեղ որևէ բան ավելացնելու կարիք չկա։ Եվ առհասարակ, մեկնաբանել պոեզիան, պոետի ապրումները, ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ։ Կարելի է և նույնիսկ պետք է մեկնաբանել խաղը կամ որևէ մրցույթ,բայց ոչ երբեք այն,ինչը մարդկային զգացմունքների և ապրումների զեղումն է, ինչը ինքնին մաքրացեղ արվեստ է՝ գունազարդ և բոլորովին ազատ արվեստ։Իսկ արվեստը, ինչպես հայտնի է բոլորիս, մտածողությունն է՝ ստանդարտներից դուրս։
ՔԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ ԱՇՈՒՆ Է
Երջանկությունը այն է,
ինչ մենք կորցնում ենք ամեն օր
և այն, ինչ մենք կորցնում ենք ամեն ժամ,
երբ ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ
անհրաժեշտ բառեր ես որոնում
արցունքներդ մեկնաբանելու համար:
Իսկ սիրտդ պիտի բաբախի անհնարին ցնծությամբ.
անմոռանալի թափառումներ
երաժշտության փողոցներում,
և քրտինք,
որ հեղեղի նման հոսում է ներքև,
և տղամարդու դժվարին ու անիծյալ մի կյանք,
արև ու անապատ ու չվերջացող քայլեր…
Երջանկությունը…
դու դեռ երկար պիտի խոսես այս ամենի մասին,
որովհետև երջանկությունը հենց այն է,
ինչի մասին խոսում են երկար ու առանց կեղծիքի,
որովհետև այն, ինչ մենք թողեցինք հեռվում
և ինչից հեռանում ենք քայլ առ քայլ,
պիտի մոռանանք արևի տակ շուռումուռ գալով,
ցատկոտելով ջրի մեջ,
հիանալով փողոցների անթերիությամբ,
աղջիկների հետևից նետելով կոպիտ ու
աններելի բառեր
և խոսելով, անվերջ խոսելով:
Դու այս խոսքերը կլսես ամենավերջում,
գուցե անձրև լինի, և դու կծկվես շենքի մուտքի մոտ,
և դու, երբ հեռվից տեսնես, դժվարությամբ տեսնես,
ինձ մոտենալիս – թրջված ու ողբալի,
կիմանաս, որ երջանկությունը այն է,
ինչ հեռվից մոտենում է քեզ
և պիտի անցնի քո կողքով թրջված ու ողբալի,
անծանոթ ու օտար, ինչպես անտարբեր
մեկի պատմած
ձանձրալի ու տխուր մի իրողություն:
Օ՜, ծանր է մենակ մնալ անծանոթ քաղաքի ուղիղ
կենտրոնում,
բայց դու քայլում ես` ոտքերդ զգուշորեն
դնելով
աղավնիներից ազատ տարածության վրա:
Ոչ, դու ձկնորսներ չես տեսնում քո աչքերի առաջ
և ոչ էլ ջրահարսեր` մոդայիկ սանրվածքով,
բայց դու քայլում ես մի խաղաղ անկյուն
գտնելու հույսով, որտեղ կարելի է նստել
մենակ ու հանգիստ,
ծխել և մտածել դանդաղորեն մաշվող մի
կյանքի մասին
և երջանկության մասին ծխել ու մտածել.
և հետո կսկսես անհրաժեշտ բառեր որոնել`
հանկարծակի հայտնված արցունքներդ
մեկնաբանելու համար…
Եվ վերջում ուզում եմ ամփոփել հոդվածը հայրենիքի մասին սիրառատ բանաստեղծությամբ.
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
Հովհաննես Գրիգորյանն իր <<Քեզ հետ և քեզ համար>> բանաստեղծության մեջ ասել է՝ <<Իսկ ես ահա չեմ դնում վերջակետ,որովհետև այս երգը չպետք է վերջանա>>։
Հովհաննես Գրիգորյանի, և իր նման մեծ գրողների երգերը երբեք չեն վերջանում, քանի դեռ մենք կարդում և արժևորում ենք նրանց թողած ժառանգությունը ու այսօր նաև փորձում ենք ստեղծել մեր ժամանակների՝ 21-րդ դարի, ոսկեժանր պոեզիան։
Նկարները՝ համացանցից
Մեկնաբանություններ