Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցում 2020 թվականի ապրիլի 20-ին կայացավ դասարանի անվանակոչում: Դասարանը, որտեղ սովորել էին Քառասունչորսօրյա պատերազմում անմահացած հերոսներ Արթուր Երանոսյանը, Գեղամ Ավետիսյանը և Լյուդվիգ Սիրեկանյանը, այսուհետ կրելու է նրանց անունը: Դասասենյակը Արթուրի, Գեղամի և Լյուդվիգի շնչով, ոգով ու ժպիտով էր լցված: Դասասենյակի մի անկյունում էին գտնվում նրանց անձնական իրերը, լուսանկարները, մեդալներն ու պատվոգրերը:
Երեք պատմություն Կրճաղբյուրից.
Արթուր Դերենիկի Երանոսյան — ծնվել է 1995 թվականի հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում: 2013 թվականի դեկտեմբերին զորակոչվել է բանակ, ժամկետնային ծառայության է անցել Ստեփանակերտում: Ծառայությունը լավ կատարելու համար պարգևատրվել և տուն է վերադարձել մի շարք պատվոգրերով: Մեկնել է արտերկիր, այնուհետև վերադարձել և որոշել է, որ պետք է ծառայի հայրենիքին: 2018 ապրիլին նորից է ծառայության անցնում ՀՀ Պաշտպանության բանակում, որպես հետախույզ-դիպուկահար: Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է Քարվաճառի թեժ մարտերին: Ընկել է անօդաչուի հարվածից սեպտեմբերի 30-ին: Հեռացավ դեպի հավերժություն, հետևից թողնելով 25-ամյա հերոսի լուսավոր հետագիծը:
Գեղամ Ալբերտի Ավետիսյան — ծնվել է 2000 հուլիսի 1-ին Կարճաղբյուրում: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 21-ին, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, այնուհետև Խնձորեսկում: Եղել է БМП զրահատեխնիկայի նշանառու-օպերատոր: Գեղամին սեպտեմբերի 27-ին տեղափոխել են Հադրութ, այնուհետև Ջաբրաիլ, որտեղ էլ հոկտեմբերի 8-ին անօդաչուի հարվածից հերոսաբար զոհվել է՝ փրկելով շրջափակման մեջ ընկած իր զինակից ընկերներին:
Լյուդվիգ Հովակիմի Սիրեկանյան – ծնվել է 2001 թվականի մայիսի 30-ին Կարճաղբյուրում: 2013 թվականի նոյեմբերին ընտանիքի հետ տեղափոխվում է Ռուսաստան: 6 տարի այնտեղ սովորելուց հետո 2019 թվականին վերադառնում է Հայաստան, հայրենիքին պարտքը տալու նպատակով: Ծառայության է անցնում Արցախի Մարտունի 3 զորամասում: Պատերազմի սկզբից եղել է առաջնագծում: Հոկտեմբերի 12-ին ռազմական առաջադրանք կատարելիս ընկավ հերոսի մահով, թշնամու գնդակից Վարանդայի ճանապարհին:
Կարճաղբյուրը ևս կորցրեց իր լավագույն տղաներին: Կարճաղբյուր դպրոցի շրջանավարտներ Արթուրը, Գեղամը և Լյուդվիգը բռնեցին հավերժի ճամփան:
Հերոսությունը տարիք չի ճանաչում: Պատերազմի օրերին վերերկրային ուժով, անսասան հայրենասիրությամբ, ընկերասիրությամբ ու խիզախությամբ հերոսացած հայորդիներն ապացուցեցին, որ կան արժեքներ, որոնց համար չեն խնայում իրենց կյանքը նույնիսկ երիտասարդ տղաները: Հերոս չեն դառնում, հերոս ծնվում են: Մեկ տարի առանց ձեզ, առանց ձեր կատակների, առանց ձեր ժպիտի: Դուք միշտ կաք ու երբեք բացակա չեք լինի:
Կարճաղբյուրի անմահները
Մեկնաբանություններ