JourNews.am-ը այսօր հյուրընկալվել էր լրագրող, հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանին։
Բարև Ձեզ տիկին Ալագուլյան։ Շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար։ Մեր հարցազրույցը սկսենք մասնագիտական պատմությամբ, ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք դառնալ լրագրող, հեռուստամեկնաբան։
-Ես շատ տարբեր մասնագիտություններով հետաքրքրվածություն ունեի։ Երբ փոքր էի մի ֆիլմ էի նայում, որ կոչվում էր <<Ծովահրեշ>>, այնտեղ ինձ շատ դուր էր եկել դատախազի կերպարը և դրանից հետո շատ երկար ժամանակ մտածում էի, որ գուցե հետաքննիչ կամ դատախազ դառնամ։
Այդ ամենից հետո հետաքրքրություններս ավելացան ու մտածում էի բժշկության ուղին ընտրելու մասին, մասնակցում էի օլիմպիադաների և բոլոր առարկաներով հետաքրքրված էի։
Հետագայում եկա այն եզրակացության, որ կա մի մասնագիտություն, որը սերտորեն առնչվում է տարբեր ոլորտների հետ՝ դա լրագրությունն էր։
Եվ ընդունվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։
Մի անգամ շատ պատահաբար <<Բարև>> ծրագրով նայեցի մի սյուժե, որը վերաբերվում էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետին։
Սյուժեն պատմում էի ֆակուլտետի ընդունելության մասին, և տեսնում էի այնտեղ այն մարդկանց, ում գիտեի արդեն հենց եթերից, և այդպես ընդունվեցի ֆակուլտետ։
Տարիների ընթացքում ձևավորե՞լ եք հստակ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք մասնագիտական ոլորտում։
-Սկզբունքները տարիների ընթացքում չեն ձևավորվել, ըստ էության դա ներսից է բխում։
Պետք է ազնիվ լինել, օգտակար և պետքական, ունենալ այն գիտակցությունը, որ ինչ որ բան կարող ես մարդկանց կյանքում փոխել ավելի լավը, և որ ամենակարևորն է, ամեն ինչ անել Հայաստանի Հանրապետության, հայրենիքի համար։
Հայրենիքը բարձրագույն արժեք է և միշտ ունեմ այն գիտակցումը, որ իմ այս քայլով, իմ այս աշխատանքով որևէ քար պետք է դնեմ իմ հայրենիքի համար, և պետք է միշտ դրականը տեսնելու կարողությունը ունենալ։
Ինչո՞ւ է կարևոր լրագրությունը Հայաստանում, և ո՞րն է ժուռնալիստիկայի ֆակուլտետի դերն այս ոլորտի զարգացման համար։
-Ոչ միայն Հայաստանում։
Ես հիշում եմ <<Վաշինգտոն փոստ>> թերթի լրագրողնրից մեկի խոսքը. նա ասում էր՝ <<Ձեր միակ պատվիրատուն հանրությունն է>>, այսինքն ժուռնալիստիկան մարդկանց համար է, իսկ մարդիկ ուզում են տեղեկացված լինել։
Եվ այս հարցում լրագրությունը կարևոր դերակատարում ունի։
Մասնագիտական մոտեցում ունենալ, նշանակում է պատասխանատվություն ունենալ յուրաքանչյուր խոսքիդ համար, հավաստի տեղեկատվություն ապահովել և միշտ մտածել, եթե այս նյութը հրապարակում ենք, հանուն ի՞նչի ենք հրապարակում, և ոչ միայն միտված լինեն ինչ որ բանի, այլև հանուն ինչ որ բանի համար լինեն։
Ի՞նչ կասեք ժուռնալիստիկայի ֆակուլտետի և ուսանողների կարողությունների, հանարվորությունների մասին։
— Երբ ես էի ուսանող, իմ հնարավորությունները այդ առումով ավելի քիչ էին։
Ես միշտ համոզված էի, որ այդ ամենը մարդուց է գալիս։ Յուրաքանչյուր կրթական պրոցես երկկողմանի աշխատանք է, պետք է մարդիկ օգտագործեն ժամանակը ավելի արդյունավետ, անգամ պետք է մեկ րոպեն արժևորել և այդ մեկ րոպեում ստեղծած արժեքը, բովանդակությունը հետագայում փոխել որակի։
Այսպիսով հաջողություն կստեղծենք։
Հաջողությունը հենց այնպես վերևից չի ընկնում։
Դա աշխատանք է, դա նվիրում է։
2020 թվականը անդառնալի փոխեց բոլորիս․ Դուք ինչպե՞ս անցկացրեցիք այդ տարին։
-Ցանկացած մասնագիտություն կրող մարդու համար երկու <<Ես>> գոյություն ունի՝ անձ և պրոֆեսիոնալ։
Դրանք երկուսը կարող են երբեմն հակասել իրար։
Դժվար իրավիճակներ, իհարկե, լինում են, բայց եթե դուք այդ պահին մասնագետ եք, հաղորդավար եք և պետք է լուր հայտնեք, դա շատ պատասխանատու է, չէ՞ որ մարդիկ քեզ են լսում, և պետք է տեղեկատվություն հաղորդել և այն զգայական ապրումները, որ դուք ունեք ձեր ներսում պետք է կառավարել։ Այս պահին այդ ամենը հետաքրքիր չեն լսարանին, ավելին, ձեր վստահությունից է կախված, թե մարդիկ որքանով կարող են այդ վստահությունը ունենալ և ինչքանով կարող են հաղթահարել այդ ամենը։
Եթե մենք կորցնենք մեզ, մարդիկ կարող են ուղղակի նայել մեզ և հուսահատություն ապրել։ Որովհետև մենք էլ կարող ենք չզսպել մեր արցունքները և տրվել զգացմունքներին։
Իսկ որպես պրոֆեսիոնալ, պետք է առանց հավասարակշռությունը կորցնելու, քեզ կառավարելու կարողություն ունենալով , առաջ տանել քո գործը։
Եվ վերջում ի՞նչ կմաղթեք Ձեր լսարանին։
-Մեր բոլոր խնդիրնելը գալիս են նրանից, որ մենք չենք հավատում մեր իսկ մտքերին։
Ես ուզում եմ, որ այն միտքը որ առաջանում է, հավատանք դրան։ Եթե մենք չհավատանք դրան, ուրիշները ընդհանրապես չեն հավատա։
Եթե դու ուզում ես ցույց տալ, որ ինչ որ բան կարող ես փոխել, ուրեմն առաջինը դու պիտի փոխվես։
Եվ ամենաանիրատեսական թվացող գաղափարները սկսում են միս ու արյուն ստանալ, երբ դուք սկսում եք գործել այդ ուղղությամբ, հավատալով դրան։
Եվ շատ կարևոր է , որպեսզի պահպանենք էթիկական չափանիշները, պարկեշտ վարվենք, ազնիվ և հանուն լավ նպատակների։
Շնորհակալ եմ։
Մեկնաբանություններ